Ավարտվել է Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում մի խումբ անձանց կողմից զենքի գործադրմամբ խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, ապօրինի կերպով զենք կրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով, 7 մեղադրյալի մասով, նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում կատարված քննությամբ հիմնավորվել է, որ 2023թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ Ա.Խ.-ին հանդիպելու և նախկինում Դ.Հ-ի հետ ունեցած չնչին առիթով տարաձայնության շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, վերջինս իր ծանոթների և քննությամբ դեռևս չպարզված ևս երկու անձանց հետ խմբով այցելել են Հաղթանակ թաղամաս և շրջապատի համար վախի մթնոլորտ ստեղծելու խուլիգանական մղումով, հայհոյանքներ հնչեցնելով՝ մոտեցել Ա.Խ.-ի տանը:
Խմբի անդամներից մեկը, գործող
իրավական և բարոյական նորմերի նկատմամբ ցուցաբերելով անթաքույց արհամարհական վերաբերմունք,
դեպքի վայր ժամանած խմբի անդամների հանդուգն վարքագիծն ընդգծելու, տվյալ վայր ժամանելու
և վիճաբանություն հրահրելու խուլիգանական մղումն ի ցույց դնելու նպատակով, տանը մոտեցել
է ապօրինի ձեռք բերված ինքնաձիգը ցուցադրաբար ուսին գցած: Դ.Հ.-ն, տեղեկացված լինելով
ավտոմեքենայում ապօրինի պահվող, ապօրինի ձեռք բերված, հրազեն հանդիսացող «ԱԿՍ-74» տեսակի,
5.45մմ. տրամաչափի ինքնաձիգի, ինչպես նաև՝ խմբի անդամների մոտ զենքի առկայության մասին,
գիտակցելով խմբի անդամների կողմից դրանք օգտագործելու իրական հնարավորությունը, խմբի
անդամների ենթադրյալ առավելությունն ընդգծելու նպատակով, մոտեցել են Ա.Խ.-ի եղբոր՝
Արմ.Խ.-ին, և ագրեսիվ զրույցի բռնվել վերջինիս հետ։ Այդ ընթացքում, անտեսելով բնակելի
թաղամասում գտնվելու հանգամանքը և շրջապատում կողմնակի մի շարք քաղաքացիների առկայությունը,
համակեցության կանոնները ցուցադրաբար անտեսելով, հայհոյանքներ հնչեցնելով՝ խմբի անդամները,
նախաքննության ընթացքում դեռևս չպարզված անձի հետ, խմբի կազմում, Արմ.Խ.-ի դիմադրությունը
նվազագույնի հասցնելով, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի
տարբեր մասերին: Այնուհետև շրջապատի մոտ վախի մթնոլորտ տարածելու, խմբի անդամների հակաբարոյական
և հակահասարակական վարքագիծն ընդգծելու համար Դ.Հ.-ն ապօրինի պահվող «ԱԿՍ-74» տեսակի,
5.45մմ. տրամաչափի գործարանային արտադրության ինքնաձիգից կրակոցներ է արձակել, ապա
շարունակել խմբի` վերը թվարկված անդամներով հարվածներ հասցնել Արմ.Խ.-ի մարմնի տարբեր
մասերին։ Արդյունքում վերջինիս առողջությանը պատճառվել են միջին ծանրության մարմնական
վնասվածքներ՝ առողջության տևական քայքայումով: Չբավարարվելով կատարած խուլիգանական
արարքներով՝ խմբի մյուս անդամների հետ դեպքի վայրը լքելու ընթացքում Դ.Հ.-ն շարունակել
է ցուցադրաբար անտեսել համակեցության կանոնները և վերը նշված ինքնաձիգով անկանոն կրակոցներ
արձակել՝ խախտելով մարդկանց անդորրը: Բացի այդ, նույն վիճաբանության ընթացքում, խմբի
երեք անդամները և նախաքննությամբ դեռևս չպարզված ևս մեկ անձ, խմբի կազմում, միմյանց
գործողությունները փոխլրացնելով և դեպքի պահին ներկա գտնված հարևանի դիմադրությունը
նվազագույնի հասցնելով՝ դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ են հասցրել նաև վերջինիս
մարմնի տարբեր մասերին:
Նախաքննության ընթացքում տվյալներ
են ձեռք բերվել նաև այն մասին, որ խմբի անդամներից մեկն ապօրինի պահել է 12 հատ
5.45մմ. տրամաչափի «ԱԿ-74» ինքնաձիգների, դրանց մոդիֆիկացիաների և «ՌՊԿ-74» ձեռքի գնդացիրների
համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ՝ լիցքավորված մեկ փամփշտատուփում,
որոնք հայտնաբերվել են վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարված խուզարկությամբ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Դ.Հ.-ին մեղադրանք է ներկայացրել՝ ՀՀ քրեական
օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, խմբի անդամներից մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի
167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 297-րդ
հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի
167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի
1-ին մասով, երկու անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով
և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով,
յոթերորդ մասնակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և
297-րդ հոդվածի 3-րդ մասով:
Մեղադրյալներից մեկի նկատմամբ
որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկի նկատմամբ՝ վարչական հսկողություն
և բացակայելու արգելք, հինգ անձի նկատմամբ՝ տնային կալանք և բացակայելու արգելք: Մեկ
անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Յոթ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել
է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝
հաստատելու և դատարան ուղարկելու համար: